2.5.08

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

Ըստ որոշ լուրերի, քաղաքական գործիչներից մեկը հանրահավաքային թեժ պահին ասել է. «Թող Լեւոնն ու իր թիմակիցները հարթակը թողնեն հեռանան, ես գնամ էդքան ժողովրդով իշխանություն վերցնեմ»: Չգիտեմ՝ որքանով հավաստի է այդ լուրը, բայց, ի դեպ, նույն այդ քաղաքական գործչի կողմնակիցները մեղադրում էին մեր շարժմանը զուտ իշխանություն վերցնելու նպատակ ունենալու մեջ, իսկ այն, ինչում մեղադրում ես հակառակորդիդ, հաճախ հենց քո քողարկված ցանկությունն է լինում: Ինչո՞ւ հիշեցի այս դրվագը: Կարծում եմ՝ իշխանություն վերցնելը, տեխնիկական առումով, շատ մեծ խնդիր չէր, եւ դա կարող են հաստատել Շարժման բազմաթիվ հակառակորդները եւս (չէ՞ որ մեղադրում են նաեւ նրանում, թե՝ ինչո՞ւ կորցրեցիք իշխանություն վերցնելու մի քանի փայլուն շանսեր): Ցանկացած ականատես կհաստատի, որ այսպես կոչված «շտուրմը» կարելի էր հաջողությամբ իրականացնել առնվազն հետընտրական առաջին մի երկու օրը, եւ առավել եւս՝ փետրվարի 26-ին, երբ իշխանությունը ուղղակի «պառկած էր»: Եւ գաղտնիք չէ, որ ժողովրդի մի զգալի մասը այդ տարբերակի կողմնակից էր: Ի՞նչ մեղքս թաքցնեմ, եղել են մի քանի պահեր, երբ ինքս եմ, այսպես ասած, բոռբռացել այդ տարբերակի չիրականացման համար, մանավանդ որ իրականում այն որեւէ անօրինականություն չի պարունակում. ժողովրդական ապստամբությունը բռնակալության դեմ ժողովրդի ինքնիշխանության դրսեւորումն է ընդամենը: Բայց այսօրվա տեսակետից դիտելով՝ ես ոչ միայն հանգիստ եմ այդ առումով, այլ նաեւ, թող ներեն ինձ իմ ընկերները, ուրախ եմ, որ շարժումը չեկավ իշխանության ժամանակից շուտ: Իշխանության գալը ինքնանպատակ չէ: Իշխանափոխության դեպքում նոր կառավարության առջեւ, միեւնույնն է, մնալու էր նույն խնդիրը՝ իրապես ազատ եւ ինքնիշխան հասարակության կառուցումը ՀՀ-ում: Իսկ դա ահավոր բարդ էր լինելու, քանի որ հասարակությունը նախ ինքը պետք է բավականաչափ հասունանա ազատության համար, այլապես ցանկացած հեղափոխություն բերում է նոր մի բռնակալության: Ես հավատում եմ մեր հասարակության ժողովրդավարական ներուժին, բայց այդ ներուժը կարիք ունի անընդհատ ակտուալիզացման: Սկսած առնվազն փետրվարի 20-ից՝ ակտուալիզացման գործընթացն ընթանում է չտեսնված արագացված տեմպերով: Հենց իմ օրինակով կարող եմ դա հաստատել: 10 օր եւ 10 գիշեր Ազատության հրապարակում իր կյանքի լավագույն օրերը ապրած Հրանտը հաստատապես այն Հրանտը չէ, որ փետրվարի 20-ի ցերեկն էր, մարտի 1-ի երեկոյան վառված փշալար ու նահանջող զորք տեսած Հրանտը որակապես տարբերվում է փետրվարի 29-ի Հրանտից: Փետրվարի վերջին օրերին կուտակված այդ էներգիան իր արդյունքները տվեց հատկապես վերջին ամսվա ընթացքում: Մեր աչքի առաջ ձեւավորվում է իրական ինքնիշխան հասարակություն, որի խոսուն օրինակներն են «ԳԱԼԱ»-ի հանգանակությունը, Հյուսիսային պողոտան, Վանատուրը եւ այլ տեղական ակցիաներ, հասարակական շարժումների ակտիվացումը, ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող երգերը եւ այլն: Միայն «Հայ Հելի» ռեփը իր ոգեւորիչ ազդեցությամբ գուցե 1 հանրահավաք արժի: Այս ապակենտրոնացված, ինքնակազմակերպվող բնույթը ինքնին մեծագույն արժեք է: Եթե այս գործընթացը շարունակվի եւ ծավալվի, այն չի կարող չպսակվել իշխանափոխությամբ: Միայն այս անգամ հետաձգված եւ ժամանակի մեջ երկարացված իշխանափոխությունը կունենա ավելի խորքային իմաստ, եւ դրա հետեւանքներն այլեւս անկասելի կարող են լինել. այսօրվա շարժման մեջ ներգրավվող յուրաքանչյուր անձ աստիճանաբար սկսում է ինքն իրեն զգալ իրական ինքնիշխան քաղաքացի, երկրի իրական իշխանություն, ՀՀ նախագահ: Հասարակության հնարավորինս մեծ մասի վրա փորձով ձեռք բերվող այս զգացումը տարածելուց հետո իշխանափոխությունը տեղի կունենա ինքն իրեն ու ճիշտ ժամանակին:

ՈՒՍՏԱ ՀՐԱՆՏ

No comments:

Արխիվ