27.2.08

ՎՐԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է - Ա1+

[14:39] 27 Փետրվարի, 2008

Այսօր ՚Հանրապետությանՙ հրապարակում վրանների թիվը 60 էր: Ամբողջ գիշեր նստացույցի մասնակիցները խաղաղ շարունակել են բողոքի ցույցը: Նրանց հետ այս գիշեր, ինչպես նախորդ գիշերներն անցկացրել է նաեւ Առաջին նախագահ Լեւոն տեր-Պետրոսյանը եւ շարժման մյուս առաջնորդները: Իսկ կեսօրին, երբ խաղաղ նստած էին ցուցարարները, մի խումբ ոստիկաններ բարձրացան հարթակ եւ սփյուռքահայ հասարակական գործիչ, մտավորական, արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Սարգիս Հացպանյանին հրավիրեցին ոստիկանություն: Հացպանյանը չստորագրեց եւ չստացավ ծանուցագիրը: Բայց այդ ընթացքում , ընդամենը մեկ րոպեում ամբողջ Հանրապետության հրապարակով մեկ սփռված զանգվածը կուտակվեց հարթակի առջեւի մասում եւ սկսեց բացականչել ՚Սար-գիս, Սար-գիսՙ: Հացպանյանը ոստիկաններին ճանապարհելուց հետո ստիպված եղավ հանգստացնել ժողովրդին՝ ասելով, որ իրեն չեն կարող բերման ենթարկել, պետք է դիմեն Ֆրանսիայի իշխանություններին, հետո արտաքին գործերի նախարարության միջնորդությամբ իրականացվեն մյուս գործողությունները: Ապա նկատեց, որ ինքը Հայաստանում օրենք չի խախտել եւ հանցագործություն չի կատարել:
՚Իմ տնից կարող են հանել 4000 հատ գիրք, գիրք, գիրք ու միայն գիրք: Երեւի հանցավոր եմ, որ կրություն եմ ստացել, որ գիրք եմ կարդացել, չէ՞ որ Քոչարյանը ասաց, որ գիրք կարդալ չի սիրումՙ,- ասաց Սարգիս Հացպանյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ինքը շատ լավ հարաբերություններ է ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ: Նրանք իրենից շնորհակալություն են հայտնել, երբ նա ապրում ու պայքարում էր թշնամու դեմ Ստեփանակերտսում, երբ խրամատներում էր գիշերում. ՚Իսկ հիմա հանցանք եմ արել, որ ձեզ հետ եմ, իմ ժողովուրդ, հիմա ինձ ուզում են բռնել: Հայկ Հարությունյանը, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ինչպե՞ս են նայելու իմ աչքերինՙ: Արցախցի ժողովրդին քաջածանոթ Հացպանյանը հայտարարեց, որ Հայկ Հարությունյանն այսօր ինքն իր հետ քննարկելու եւ որոշելու խնդիր ունի՝ կամ Սարգիս Հացպանյանին ձերբակալելու են ու արտաքսեն, կամ ինքը հրաժարական է տալու:

Ի դեպ, Հացպանյանը թեեւ չէր ծանոթացել ծանուցագրի բովանդակությանը, սակայն ենթադրում է, որ իրեն հրավիրում են ոստիկանության նրա համար, որ օտարերկյա քաղաքացի է, բայց խառնվում է ներքաղաքական զարգացումներին: ՚Ես սրանից մոտ 3 ամիս առաջ ասել եմ թերթերով, այդ ոնց է լինում, որ Ռուսաստանի հայերի միության նախագահը` Արա Աբրահամյանը, գալիս է այստեղ ոչ միայն հիմա, 10-20 տարի գալիս է, ու ասում է, որ մենք այս մարդուն ենք աջակցում, ինչը օրենքով արգելվում է, ինքը Ռուսաստանի քաղաքացի է: Արա Աբրահամայնին կարելի՞ է, նրան, որ Հայաստանում իմ արածի 0,1 տոկոսը չի արել, ժողովուրդը գիտի, Արցախի ժողովուրդը հատկապես, իսկ Սարգիս Հացպանյանին չի՞ կարելի : Անհասկանալի էՙ: Նա հիշեցրեց, որ ՀՅԴ բազմաթիվ անդամներ արտերկրի քաղաքացիներ են, որոնք մասնակցում են ՀՀ քաղաքականության իրականացմանը, ինչպես նաեւ ՌԱԿ-ի անդամները:
Ի դեպ, Հացպանյանը Ֆրանսիայի քաղաքացի է, իսկ ՀՀ-ում ունի Կացության հատուկ կարգավիճակ. ՚Ես Հայաստան- Արցախում այսքան ժամանակ ինչ-որ արել եմ իրենք գիտեն, բայց անգամ այդ քայլը չեն արել, 1000 դոլար արժե այդ անձնագիրը, ես մուծել եմ, ես եւ երեխաներս Հայաստանում փող մուծելով ենք ապրում այսքան տարիՙ:

Հիշեցնենք, որ նա Ֆրանսիայից Հայաստան է վերադարձել 18 տարի առաջ: Բազմաթիվ երիտասարդներ էին մոտենում այսօր Հացպանյանին եւ ասում, որ իրենք հպարտանում են Սարգիսով եւ օրինակ վերցնում նրանից:

1 comment:

Anonymous said...

miayn Sarkisi orinage pavarar e hasgnalu hamar hayreniki anunic zracogh serjigi yev roberti GEXCAVORUTYUNE! apsos vor mi garevor pan en moracel te hrabaragi heros joghovurte MOSAMBIKIC tchi yegel,na lav kidi vordrghitz e yegel yev ur e knum!

Արխիվ