27.2.08

ԿԼԻՆԻ՞ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - Ա1+

[15:08] 27 Փետրվարի, 2008
Դեռ չի սկսվել Լեւոն Տեր- Պետրոսյանի եւ նրան սատարող ուժերի հանրահավաքը, բայց հրապարակը լեփ-լեցուն է: Ծածանվում են եռագույն դրոշները, հնչում է հայկական երաժշտությունը,իսկ մարդիկ շուրջպար են բռնում:

Ինչպես նշեց ՀՀՇ անդամ Արամ Մանուկյանը, իրենք օգտագործում են իրենց հզոր զենքը՝ երգն ու պարը, որը քարուքանդ է անում իշխանական բուրգը;

Իսկ Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը դիմեց հրապարակում հավաքված ուսանողներին եւ ճշտեց, թե իրենք շարունակո՞ւմ են դասադուլը, թե՞՝ ոչ: Իսկ ուսանողները արձագանքեցին` դասադուլ, նրանք նաեւ հավելեցին, որ այնքան են շարունակելու դասադուլը, մինչեւ հաղթանակ տանեն:

՚Ժողովրդի մեծամասնությունը գիտի, որ Սերժ Սարգսյանը անցել է ոչ ժողովրդի կամքով, անցել է գումարով, կեղծիքներով, վախով եւ բռնություններով: Երեկոյան ժամը 6.30-ին մեկ քվեն գնում էին արդեն 50.000 դրամով: Մենք պատրաստվում էինք այնքան ժամանակ բողոքել, մինչեւ արդարությունը հաղթանակիՙ,- ասաց Կոնսերվատորիայի ուսանող Արամ Խաչատրյանը:
Իսկ Մաթեւոս Պետրոսյանն էլ նշում է, որ եկել է Ազատության հրապարակ, քանի որ ուզում է ապրել ազատ եւ անկախ հայրենիքում, իսկ Լեւոն Տեր- Պետրոսյանին տեսնել գերագույն հրամանատարի պաշտոնում:

Հարցվածները նշում էին, որ խախտվել է ժողովրդի ազատությունը, ոտնահարվել էին մարդկանց իրավունքները, ձայները հաշվել են իրենց հայեցողությամբ:
Հրապարակում հավաքվածները նաեւ բողոքում էին բարձր հարկերից, ոռոգման ու խմելու ջրերի գների բարձրացումից: Նրանք նաեւ նշում էին, որ իրենց թոշակների բարձրացումը ոչինչ չի տվել, այլ նույնիսկ նրանց ընտանիքների բյուջեներն են պակասել, քանի որ բոլոր ապրանքների գները կրկնակի բարձրացել են:

Նրանք նշում էին, որ պահանջում են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները:
Ի դեպ, մեր համաքաղաքացիներից շատերը նշում էին, որ եթե արդարությունը չվերականգնվի, իրենք դա կորոնեն օտար ափերում:

No comments:

Արխիվ