24.4.08

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԷԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ, ԲԱՅՑ ԲԱՑՈՒՄ ԷԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

15:47:37 - 24/04/2008
Lragir.am


Ապրիլի 24-ին, ժամը 15-ին բավական հետաքրքրական իրավիճակ էր ստեղծվել Երեւանի Ազատության հրապարակի մատույցներում: Ժամը 15-ին, ինչպես վաղօրոք հայտարարել է համաժողովրդական Շարժման կենտրոնը, քաղաքացիները պետք է հավաքվեին Ազատության հրապարակում, որտեղից էլ պետք է երթով գնային դեպի Ծիծեռնակաբերդ` եղեռնի զոհերի հուշահամալիր: Սակայն ոստիկանությունը, որ ապրիլի 23-ի երեկոյան Ազատության հրապարակում որեւէ արգելք չէր հարուցել դաշնակցական երիտասարդների կազմակերպած ջահերով երթի համար, մեկ օր անց փակել էր Ազատության հրապարակը եւ համաժողովրդական Շարժման կոչով այնտեղ հավաքվելու եկած քաղաքացիները ստիպված էին հավաքվել Հյուսիսային պողոտայում:Քանի որ քաղաքացիների թիվն աստիճանաբար ավելանում էր եւ մեծանում էր կուտակումը, ապա համաժողովրդական Շարժման ներկայացուցիչները որոշեցին, որ հավաքված բազմությունը գնա Սարյանի արձանի մոտ, այնտեղ ամբողջանա եւ երթով շարժվի դեպի Ծիծեռնակաբերդ: Մարդիկ սկսեցին Հյուսիսային պողոտայից քայլել դեպի Սարյանի արձան, իսկ ոստիկաններն էլ սկսեցին նրանց հորդորել, որպեսզի Թումանյան փողոցի երթեւեկությունը չխանգարեն, այլ քայլեն մայթերով, սակայն բազմությունն այնքան մեծ էր, որ ոստիկաններն ի վերջո ստիպված եղան երթեւեկությունը կանգնեցնել, բացելով քաղաքացիների ճանապարհը:Սարյանի արձանի մոտ հավաքվածներին միացան համաժողովրդական Շարժման առաջնորդները, ովքեր ձերբակալված չեն: Այնտեղ էին Արամ Զավենի Սարգսյանը, Դավիթ Շահնազարյանը, Լեւոն Զուրաբյանը, Մանուշակ Պետրոսյանը, ԺՈՒԿ նախագահի տեղակալ Վարդան Գրիգորյանը, ՆԺԿ վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը: Առաջնորդների գլխավորությամբ, Սարյանի արձանի մոտ հավաքված մի քանի հազար քաղաքացիները 15 րոպե անց, ծաղիկներն ու եռագույն դրոշները ձեռքներին, սկսեցին իրենց երթը դեպի եղեռնի զոհերի հուշահամալիր:

No comments:

Արխիվ