24.4.08

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԷԻՆ ՀՐԱՀՐՈՒՄ

Lragir.am
18:18:10 - 24/04/2008

Ծիծեռնակաբերդի եղեռնի զոհերի հուշահամալիր տանող ծառուղում, ապրիլի 24-ին ոստիկաններն իրենց գործողություններով ակամայից հանրահավաք էին հրահրում: Բանն այն է, որ անմար կրակի մոտ կուտակումներ չառաջացնելու համար ոստիկանները պարբերաբար փակում էին մարդկանց ճանապարհը, մինչեւ որ կրակի մոտ կուտակումը թեթեւանար: Այդպես մերթընդմերթ: Երբ Ծիծեռնակաբերդ հասավ համաժողովրդական Շարժման երթը, Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ապա մարդկանց բազմությունն ավելացավ միանգամից մոտ երկու-երեք տասնյակ հազարով, եւ ոստիկանները ստիպված էին ավելի հաճախ կանգնեցնել երթը եւ հատված առ հատված թողնել մարդկանց կրակի մոտ: Սակայն եղավ մի պահ, երբ ոստիկանները չգիտես ինչու մարդկանց առաջ չէին թողնում, այն պարագայում, երբ ակնհայտ երեւում էր, որ անմար կրակի մոտ տանող ճանապարհը լիովին ազատ էր: Դա նկատում էին նաեւ կանգնած քաղաքացիները, փորձելով հասկանալ, թե ինչու ոստիկանները չեն բացում իրենց ճանապարհը, եթե երթուղին ազատ է: Ոստիկաններից ոչ միայն բացատրություն չստանալով, այլ նաեւ արժանանալով անհարգալից վերաբերմունքի, քաղաքացիները սկսեցին աղմուկ հանել եւ բարձրաձայն հայտնել իրենց վրդովմունքը: Եվ միայն դրանից հետո, քիչ ավելի հեռվում կանգնած ոստիկանության սպաներն իրենց ենթականերին հրահանգեցին բացել ճանապարհը եւ մարդկանց թույլ տալ անցնել: Չի բացառվում, որ ըստ երեւույթին այդքան երկար փակելով ճանապարհը, ոստիկանությունը ցանկանում էր մեծացնել երթի հատվածների միջեւ տարբերությունը, այդպիով ըստ էության արհեստականորեն նվազեցնելով երթի բազմամարդությունը եւ դրանից ստացվող տպավորությունը, որը կարող էին ֆիքսել նաեւ օտարերկրյա լրագրողներն ու օպերատորները:

No comments:

Արխիվ