8.4.08

ՀԻՄԱ ԵՍ, ՀԻՄԱ ԴՈՒ, ՀԻՄԱ ՆԱ - ՀԱՅՐԵՆԻՔ, ԸՆՏԱՆԻՔ, ՀԱՂԹԱՆԱԿ

Եթե այն, ինչ մարդկանց ներսից ծագում է որպես բարձրագույն իմաստով մարդավարի, մարդակերպ ապրելու` դեռևս մշուշոտ, չգիտակցված, բայց` անհրաժեշտություն, չի կարողանում իրականանալ առկա պայմաններում, իրականանում է որպես մեծագույն ցնցումներ:

Գարնանային հրաշք

Չեմ կարող չհիշել ու չջերմանալ. Ազատության հրապարակում մենք` մի տասը երիտասարդ աղջիկ ու տղա, ձեռք-ձեռքի տված շրջան կազմած, երջանիկ ճիչով ու ու պտույտով դիմավորում ենք Արևին, դիմավորում ենք Լույսը և Զարթոնքը:

Ո՞վ կմտածեր, որ Հայաստանի արթնացման այդ հրաշքը տեղի կունենար` երկար տարիների ստորացումից, կռացումից, նվաստացումից, բռնացումից հետո: Ո՞վ կմտածեր, որ ընդամենը մի քանի ամիս առաջվա ընտրություններից հետո գլխահակ Հայաստանը գլուխը կբարձրացնի` մեկ անգամ ևս և այլևս չհակելու, չծռվելու` կյանքից էլ թանկ որոշմամբ:

Վստահ եմ, որ բոլոր զոհվածներին Հայաստանն արձան է կանգնեցնելու և մեծարելու է նրանց` որպես մարդկային մի բարձր տեսակի կենդանության փաստ, նրանց ծնողներին` որ այդպիսի հրաշք զավակներ են ծնել ու սնել, նրանց երեխաներին` որ իրենց հայրերի արյունն ու խոսքն են կրում:

Հայելի՞, հա էլի, հայելի

Ինչպես Վիլհելմ Թելի դիպուկությամբ նկատեց ընկերներիցս մեկը, իշխանության գնահատականը տալիս է ինքը` իշխանությունը` Շարժմանը տված գնահատականներով: Ընդամենը լսենք. խոչընդոտում են ընտրական գործընթացը, յուրացնում են իշխանությունը, անկարգություններ են հրահրում, սադրում են, փողով մարդկանց հանրահավաք են բերում, ապօրինաբար զինվում են, հանցագործներ են, թմրամոլներ են, երկիրն ապակայունացնում են, ատելություն և չարություն են սերմանում, իրավիճակը ապակայունացնող կամ ակնհայտ սուտ տեղեկատվություն են տարածում, անօրինական գործողություններ են կատարում, հրազեն են կիրառում, արտաքին ուժեր են ներգրավում սեփական հարցերը լուծելու համար, Հայաստանի միջազգային վարկը գցում են, էլ որն ասեմ, էլ որը…

Իշխանության յուրացում

Հարց IQ թեստից. ինչպե՞ս է կոչվում այն իրավիճակը, երբ սահմանադրությամբ ժողովրդավար հռչակված երկրում մի քանի մարդ ամբողջությամբ իրենց կամքին են հպատակեցնում երկրի գործադիր, օրենսդիր, դատական իշխանությունները, ինչպես նաև “չորրորդ իշխանությունը”` լրատվամիջոցները` գրեթե ամբողջությամբ:

Ատելության սերմանում

Հատված “Կայունություն” պիեսից` իշխանության մենախոսությունը.
- մի ատիր ինձ, քանզի ես հարստանում եմ քո հաշվին, գնում հողեր, տներ ու մեքենաներ, պահում սիրուհիներ և այցելում խաղատներ ու սաունաներ
- մի ատիր ինձ, քանզի ես վրաերթի եմ ենթարկում քեզ, ձեռքիցդ վերցնում եմ քո տունն ու գործը, սպանում եմ քեզ զուգարանում և ոստիկանատանը,
- մի ատիր ինձ, քանզի ես խլում եմ քո կատարած ընտրությունը, քեզ ծեծում, առևանգում, ստորացնում ու դատում եմ ես,
- մի ատիր ինձ, քանզի ջարդում եմ ես քեզ մահակներով, էլեկտրաշոկով խփում ու քացու տակ գցում, բանտարկում ու ասում, որ այդ դու էս ինձ ծեծել, իսկ ես եղել եմ անմահակ, անվահան և անսաղավարտ, բայց բարեգութ ու մի քիչ տխրամած,
- մի ատիր ինձ, քանզի ես հրազենով սպանում եմ քեզ, բայց ասում, որ հրազեն չի եղել, ո՞վ գիտի, միգուցե այդ դու՞ ես կրակել ինքդ քեզ վրա, ինչպես իհարկե կպարզի անկախ փորձաքննությունը
- մի ատիր ինձ, քանզի իմ ձեռնասուն լրատվամիջոցներով օրուգիշեր աղբ եմ թափում գլխիդ, անվանում քեզ հոգեխանգարված, թմրամոլ, հարբեցող ու հանցագործ,
- մի ատիր ինձ, քանզի ես սուգ չեմ հայտարարել և չեմ բռնել քեզ սգացող մայրերի, կանանց ու երեխաների ձեռքը
- մի ատիր ինձ, քանզի ես ուզում եմ, որ դու լռես ու վախենաս
- մի ատիր, մի ատիր, մի ատիր…

Բա լա՞վ էր, որ Լևոնը …

Բոլոր նրանց, ովքեր մարտի 1-ից հետո որևէ նախադասություն են սկսում այս բառերով, մի բան եմ ուզում ասել. դե հերի՛ք էղավ էլի, էդքան երեսպաշտ, անսկզբունք ու սեփական անտղամարդությունը ուրիշով ծածկել փորձող չի կարելի լինել: Կամ ասեք` ես կողմ եմ ապօրինություններին, անօրեն բռնություններին, մարդասպանությանը կամ էլ ասեք` դեմ եմ: Ի՞նչ ա նշանակում` եթե Լևոնը մի բան է արել ու դու փրփուրը բերանիդ աղաղակում ես, որ վատ է արել, հիմա ուրիշը բազմակի վատ է անում, ասում ես` մի րոպե, բա լա՞վ էր, որ Լևոնը…: Ուրեմն քեզ համար կարևորը Լևոնն է, ոչ թե օրենքը, սկզբունքը, հասարակ մարդը:

Իսկ ինձ ու իմ ընկերների համար կարևորը Լևոնը չի եղել, չի և չի լինելու: Կարևորը մեր ու մեր երեխաների` մեջքն ուղիղ կյանքն է, ազատ միտքն ու խոսքը, հարգված օրենքն ու պաշտպանված իրավունքը: Իսկ դուք մի երգ գիտեք` Լևոն, հա՛ Լևոն: Չըլնի՞ թե Լևոնն ինչ-որ նեյրոլինգվիստիկ բաներ է արել ձեզ հետ, և դուք հիմա հոգեխանգարմունքի մեջ եք:

Բա լա՞վ ա, որ Լևոնը …

Բա էս մյուսները, որ ճշմարտությունը պարզելու փոխարեն, գիտակցությունն անջատում, դնում են չհրկիզվող պահարանում և սկսում տիկնիկների պես կրկնել ինչ պատահի: Բերեմ մի քանի օրինակ.

- բա լա՞վ ա, որ Լևոնը սեպ ա խրում հայաստանցիների ու ղարաբաղցիների միջև…

Լսենք առաջին նախագահին (հատված Ազատության հրապարակում 2007 թվականի հոկտեմբերի 26–ին ունեցած ելույթից).

“Կանխելով հնարավոր մեղադրանքները, միանգամից ուզում եմ ընդգծել. իմ վերաբերմունքի մեջ բոլորովին դեր չի խաղում Քոչարյանի եւ Սարգսյանի ղարաբաղցի լինելու հանգամանքը: Եթե նրանք արժանի լինեին, թող ոչ թե տասը, այլ հարյուր տարի բարով կառավարեին Հայաստանը, ինչպես նրանց նախնիները՝ արցախցի Հեթումյանները 150 տարի կառավարեցին Կիլիկիո թագավորությունը: Ես անթույլատրելի եմ համարում անպարկեշտ խոսակցությունների ու գրգռությունների միջոցով ղարաբաղցիների եւ հայաստանցիների միջեւ սեպ խրելուն միտված տրամադրությունները, դրանք գնահատելով թե՛ անարդար, թե՛ վտանգավոր: Ուստի կանեմ ինձնից կախված ամեն ինչ՝ նման մտայնության տարածումն ու ամրապնդումը կանխելու համար, մանավանդ որ Քոչարյանի եւ Սարգսյանի ստեղծած իշխանական արատավոր համակարգի հենասյուների 99 տոկոսը կազմում են ոչ այլ ոք, քան հայաստանցիները”: Ինչպես ասում են` մեկնաբանություններն ավելորդ են:

- բա լա՞վ ա, որ Լևոնն ասում ա, որ ինքը 65 տոկոս ձայն ա հավաքել…

Իրականում պատմությունը հետևյալն է. հանրահավաքներից մեկում Լևոն Տեր-Պետրոսյանը նշում է, որ իրենց ձեռքին կա 40 պաշտոնական արձանագրություն ընտրատեղամասերից, որոնցում առկա տվյալները տարբերվում են ԿԸՀ-ի պաշտոնական կայքում զետեղված տվյալներից, ընդ որում, ԿԸՀ-ի կայքի տվյալներով մոտ տաս հազար ձայն հավելված է Սերժ Սարգսյանին, յոթ հազար ձայն նվազեցված է Լևոն-Տեր Պետրոսյանից, իսկ հինգ հազարը` Արթուր Բաղդասարյանից: Եթե, ասում է Տեր-Պետրոսյանը , իշխանությունները նույն տրամաբանությամբ կեղծիքներ են իրականացնել նաև մյուս տեղամասերում, կստացվի, որ ես հավաքել եմ 60-65 տոկոս ձայն: Էսպիսի բաներ: Հաջորդը`

- բա լավ ա, որ Լևոնն ուզում ա Ղարաբաղը ծախի

Կրկին լսենք Լևոն Տեր-Պետրոսյանին (հատված Ազատության հրապարակում 2007 թվականի հոկտեմբերի 26–ին ունեցած ելույթից).

“Հանգստացեք, հարգելիներս: Դադարեք զբաղվել դեմագոգիայով: Բավական է հայրենասիրական ճառերով մոլորեցնել ժողովրդին: Բավական է նրանից թաքցնել ճշմարտությունը: Ժողովուրդն ավելի խելոք, տրամաբանող ու բանական է, քան ձեզանից շատերը: Մեկ անգամ ընդմիշտ պետք է գիտակցել՝ Հայաստանի ոչ մի նախագահ, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող ծախել ղարաբաղը: Նախ եւ առաջ այն պատճառով, որ Ղարաբաղի բախտը պետք է վճռի ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանը, այլ միայն ու միայն Ղարաբաղի ժողովուրդը: Եվ երկրորդ՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ՝ Հայաստանը չի կարող ստորագրել որեւէ փաստաթուղթ, որտեղ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:”

Իսկ հիմա լսենք Սերժ Սարգսյանին ու Արթուր Բաղդասարյանին (հատված 2008 թվականի մարտի 17-ին “Վաշինգթոն Փոսթում” նրանց հրապարակած հոդվածից).

“Հայաստանը կանգնած է մի շարք արտաքին մարտահրավերների առջև, որոնք մենք հույս ունենք հաղթահարել: Դրանց մեջ առաջինը մեր երկրի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտությունն է, այն բանի շուրջ, թե ով կվերահսկի Լեռնային Ղարաբաղի ռեգիոնը”

Ես, անկեղծ ասած, շոկի մեջ էի և չէի ուզում հավատալ, որ այս նախադասությունն իրոք կա այդ հոդվածում: Բայց մտա Վաշինգթոն Փոսթի վեբ կայք և ստուգեցի` նախադասությունն իր տեղում էր: Ուրեմն ի՞նչ է ստացվում, Ղարաբաղի խնդիրը Ղարաբաղի և Ադրբեջանի միջև չէ, մարդու իրավունքների խնդիր չէ, ազգերի ինքնորոշման խնդիր չէ, բայց արի ու տես, որ վերահսկողության համար կոնֆլիկտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Եվ սա ասում են մարդիկ, որոնք հավակնում են մեկը` ՀՀ նախագահի, մյուսը` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոններին: Չգիտեմ, բառեր չեմ գտնում, հետևություններն էլ թողնում եմ ձեզ:

Ես մի բան գիտեմ…

Հայաստանի առջև ծառացած խնդիրները կարող են լուծել միայն այն մարդիկ, ովքեր սիրում են Հայաստանը, Հայաստանի մարդկանց, Հայաստանի հողը: Դա, բնականաբար, ո՛չ միջազգային կառույցներն ու օտարերկրյա տերություններն են, ո՛չ էլ նրանք, ովքեր Հայաստանի մարդկանց համարում են թմրամոլ, հարբեցող ու հանցագործ, իսկ Հայաստանի հողն ընկալում են բացառապես որպես անշարժ գույք:

Հիմա հասկացա՞ք, ով պետք է լուծի մեր առջև կանգնած խնդիրները. չեմ ուզում ասել` ժողովուրդը, որ այդ հավաքականության մեջ չկորչի կոնկրետ անուն-ազգանունով էն ուսանողը, էն թոշակառուն, էն ուսուցչուհին, էն աղջնակը, էն գրողը, էն տնտեսագետը, էն դերասանը, էն բանվորը, էն մշակը, էն պատգամավորը, էն դիվանագետը, էն ազատամարտիկը, էն ոստիկանը, էն երաժիշտը, էն տնային տնտեսուհին, էն լրագրողը, էն տաքսիստը, էն դասախոսը…

Ես Ձեր ցավը տանեմ, սիրու՛մ եմ, սիրու՛մ եմ, սիրու՛մ եմ…

Վերջաբանի փոխարեն

Նստացույցի վերջին գիշերներից մեկում ծնվեց մի ջերմ պատմություն, որ բերներբերան անցավ ու դարձավ նոր իրականության ավետաբերը. գիշերը նստացուցավորների մեջ շրջող Լևոն Տեր-Պետրոսյանին Ազատության հրապարակի լոռեցիներից մեկը կոշտուկոպիտ պարզությամբ ասում է` խ…իդ չդնես, լավ ա ըլնելու:

Հիմա էդ էի ուզում ասել` … չդնեք, լավ ա ըլնելու:

Հերման Ազատյան
03.04.2008

P.S. երգը, ես կասեի` երգերը, գրվում են, ախպեր ջան, ու մենք դեռ իրար հետ երգելու ենք

No comments:

Արխիվ