1.3.08

՚ԻՄ ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՄԲ ՆՐԱՆՔ 10 ՕՐ ՉԵՆ ԴԻՄԱՆԱՙ

[16:31] 01 Մարտի, 2008
՚Ես ժամանակ չեմ ունեցել իրավիճակը վերլուծելու համար, եւ դրա համար նաեւ չկա բավարար տեղեկատվություն, որովհետեւ ես անգամ իմ ընկերներից շատերի հետ կապից եմ զրկված, բայց իմ զգացողությամբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը վերջացած են: Իմ զգացողությամբ, նրանք տասը օր չեն դիմանա Հայաստանումՙ, -այսօր իր տանը հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանը նկատեց, որ դիմելու են օրենքով եւ սահմանադրությամբ թույլատրված բոլոր միջոցներին, կրկին դիմելու են քաղաքապետարան եւ հանրահավաքներ, երթեր, ցույցեր անցկացնելու համար իրազեկելով քաղաքապետին, եթե իրազեկումը մերժեն, իրենք կանեն ինքնաբուխ միջոցառումներ:
Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանը չբացառեց, որ գործը կարող է անգամ ՍԴ չհասնել եւ ԿԸՀ-ն ստիպված լինի վերանայել ընտրության արդյունքների վերաբերյալ իր որոշումը: Սահմանադրական դատարանի հետ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը հույսը չի կորցնում, ընդգծելով, որ կարող է իրենց դիմումը բավարարվել եւ ընտրությունները ճանաչվեն անվավեր:
Տեր-Պետրոսյանը պատասխանելով ՚Ա1+ՙ-ի հարցին, թե ով է կրում պատասխանատվություն մարտի 1-ի դեպքերի համար, ասաց, որ հավասարապես պատասխանատու են եւ գործող եւ ՚ընտրյալՙ նախագահները. ՚Եթե ես լինեի ՚ընտրյալՙ նախագահ, ես ոչ մի մի լծակ չէի ունենա, բայց Սերժ Սարգսյանը վարչապետ է եւ նրան են ենթարկվում բոլոր ուժային կառույցներըՙ: Ըստ նրա` Սերժ Սարգսյանը չի կարող ամբողջ աշխարհի կողմից ընդունվել, որպես նախագահ, եթե նա ինչ-որ հրաշքով մնա այդ պաշտոնում, ապա չի կարող համարվել լեգիտիմ նախագահ: ՚Ես չեմ պատկերացնում, որ այս խայտառակ ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը լինի լեգիտիմ նախագահ եւ կարողանա ղեկավարել այն ժողովրդին, որը չի հանդուրժում նրանՙ,- ասուլիսի ընթացքում հայտարարեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա կզարմանա, եթե արտաքին աշխարհն ընդունի Հայաստանի իշխանությունների մարտի 1-ի իրականացրած բռնությունները՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ, հատկապես այն հորդորներից ու կոչերից հետո, որ տարբեր միջազգային կառույցներ հղել են ՀՀ իշխանություններին:
՚Ես չեմ հասկանա, թե ինչպես է միջազգային հանրությունը հանդուրժելու այս գիշեր տեղի ունեցածըՙ,-ասաց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նրա կարծիքով Ռոբերտ Քոչարյանն այսօր մարտահրավեր է նետել միջազգային հանրությանը, այն կառույցներին, ովքեր հորդորում էին ուժ չկիրառել:
Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով, իշխանությունն օգտվեց այն հանգամանքից, որ Հայաստանում չեն բարձրաստիճան եվրոպացի դիվանագետները, դիտորդների զգալի մասը, օտարերկրյա լրագրողները, որ համաշխարհային մամուլի ուշադրությունը կենտրոնացել է Ռուսաստանի նախագահի ընտրությունների վրա ու այսօր Հայաստանը, որպես ՚իզգոյ պետությունՙ ուշադրությունից դուրս է գտնվում: Առաջին նախագահը տեղեկացրեց նաեւ, որ դիվանագիտական կորպուսը տեղեկացվել է կատարվող դեպքերի, վայրագությունների մասին:
Ի դեպ, Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, թե միջազգային դիվանագետների հետ զրույցներում Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է, թե բանակցությունների մեջ է Լեւոն Տեր- Պետրոսյանի հետ. նման բան չկա, չի եղել. ՚Երկու օր առաջ հեռախոսազրույց է տեղի ունեցել Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ, որի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը Պուտինին հավաստիացրել է, որ ուժ չի կիրառվի խաղաղ ցուցարարների հանդեպ: Պուտինն ուժի կիրառումն անթույլատրելի է համարել: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը Պուտինին վստահեցրել է, որ ինքը լուրջ բանակցության մեջ է ինձ հետՙ,- պատմեց Տեր-Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ իր հետ որեւէ բանակցություն չի եղել, բայց դա չի նշանակում, որ եթե լիներ, ինքը կարձագանքեր դրան:
Ի դեպ, Տեր-Պետրոսյանն այսօր ասաց՝ շատ կուզեր, որ գործող իշխանությունն այնքան մաքուր լիներ, որ կարողանար հեռանալ այնպես, ինչպես հեռացան իրենք. ՚Ես երջանիկ կլինեի, որ իրենք այդպես խրված չլինեին եւ այսպես ժողովրդի արյունը թափելու գնով չփորձեին պահպանել իրենց իշխանությունըՙ:
Ըստ նրա` բայց ՚նրանք այնպիսի հանցավոր բագաժ ունեն, գումարած հոկտեմբերի 27-ի համար իրենց պատասխանատվությունը, որ չեն կարող հանգիստ հեռանալՙ:

No comments:

Արխիվ