27.2.08

ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ` ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

[19:31] 27 Փետրվարի, 2008


Նիկոլ Փաշինյանի գլխավորած այսօրվա երթը տարբերվում էր նախորդ օրվա երթերից: Նախ երթուղին փոխվել էր. հազարավոր մարդկանց շարքն այս անգամ անցավ Վազգեն Սարգսյան, Գրիգոր Լուսավորիչ փողոցներով եւ Մաշտոցի պողոտայով վերադարձավ Ազատության հրապարակ: Մարդկանցից շատերի ձայնն այսօր կտրվել էր, այդ պատճառով էլ ՚Լեւոն, նախագահՙ, ՚Հաղթանակՙ եւ ՚Սերժիկ, հեռացիրՙ վանկարկումներն այդքան էլ բարձր չէին հնչում:

Այսօր էլ Կառավարության շենքի մոտ կազմ-պատրաստ սպասում էին մի քանի տասնյակ ոստիկաններ, սակայն երթի մասնակիցները նրանց անգամ չմոտեցան: Նույնքան ոստիկաններ շարված էին նաեւ Դատախազության շենքի մոտ, որտեղ, ոստիկաններին ՚լավՙ աշխատելու համար մարդիկ ՚շնորհակալությունՙ հայտնեցին` ծափահարություններով եւ ՚Ջհանգիրյանՙ վանկարկելով` շարունակեցին երթը: Թե քանի մարդ մասնակցեց երթին, հնարավոր չէր հաշվել, սակայն Ազատության հրապարակ հասած Նիկոլ Փաշինյանն արդեն 10 րոպե ելույթ էր ունենում, երբ երթից վերադարձող մարդկանց հոսքն ավարտվեց:


՚ՀԻՎԱՆԴՆԵՐՆ ԷԼ ԵՆ ԼԵՎՈՆ ԳՈՌՈՒՄՙ
Երթի մասնակիցներին ծափահարություններով եւ ՚Հաղթանակՙ վանկարկումներով ողջունում էին Մաշտոցի պողատայի եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցի բնակիչները: Նրանցից մեկը պատուհանից ծածանում էր եռագույն դրոշը եւ վանկարկում ՚Լեւոն-Լեւոնՙ: Երթին ՚մասնակցումՙ էին նաեւ կառուցվող էլիտար շենքերի բանվորները: Իսկ երբ երթի մասնակիցները անցնում էին Մարգարյանի անվան հիվանդանոցի մոտով, հիվանդանոցի ոգեւորված աշխատակիցներից մեկը բղավեց. ՚Հիվանդներն էլ են Լեւոն գոռումՙ:


ՓՈՐՁՈՒՄ ԷՐ ՚ԿՌԻՎ ՍԱՐՔԵԼՙ
Քաղաքապետարանի մոտից մի երիտասարդ ՚Առաջ Հայաստանՙ վզկալով միացավ երթին: Նա փորձում էր բարկացնել երթի մասնակիցներին իր ռեպլիկներով: ՚Էս ո՞վքեր ենՙ, ՚Էս ի՞նչ աՙ,- փնփնթում էր տղան: Երբ ՚Ա1+ՙ-ի թղթակիցը փարձում էր լուսանկարել նրան, նա հարվածեց ֆոտոխցիկին` բղավելով ՚Մի նկարի, հետո ինչ որ սրանց հետ եմ քայլում, ես սրանց հետ չեմՙ: Այնուհետեւ մոտեցավ երթին մասնակցող երկու երիտասարդ տղաների եւ սկսեց վիճել նրանց հետ: Այս ամբողջ ընթացքում երկու ոստիկաններ քայլում էին ՚Առաջ Հայաստանՙ գրությամբ վզկալով տղայի հետեւից: Վերջինս, որքան էլ փորձեց, չկարողացավ մարդկանց հունից հանել, քանի որ մեծահասակներից մեկը երթի մասնակիցներին հորդորեց, հանգիստ թողնել նրան. ՚Էսի կռիվ սարքող ա, գործ չունեքՙ: Տղան դարձյալ փնթփնթալով հեռացավ:

No comments:

Արխիվ