26.2.08

Ա1+

ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՚ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՙ ԵՆ ԼՍՈՒՄ
[20:31] 26 Փետրվարի, 2008


Ժամը 19-ից 20-ը Ազատության հրապարակում գտնվող բազմահազար մարդիկ լսում էին ՚Ազատությունՙ ռադիոկայանի օրվա գլխավոր թողարկումը: ՚Մեր միակ ինֆորմացիայի աղբյուրը ՚Ազատություննՙ է ու ՚Ա1+ՙ-ը, դրանք էլ չլինեին, մեր սիրտը կպայթերՙ,- մեզ հետ զրույցում ասաց թոշակառու մի կին, որը, հանրահավաքի արդեն 4-րդ ժամին բավականին առույգ էր եւ չէր պատրաստվում հեռանալ հրապարակից:
Այդ ընթացքում ոստիկանները ուժեղացված հսկողություն էին իրականացնում ՚Հին Էրիվանՙ ռեստորանի վրա փակցրած Սերժ Սարգսյանի մեծադիր լուսանկարի շուրջ: Նրանք նկատել էին, որ հանրահավաքի մասնակիցները փորձում են պատռել վարչապետի նկարը: ՚Այս նկարը եղել է փակցված ընտրություններից առաջ եւ այն պետք է մնա այստեղՙ,- մեզ հետ զրույցում ասաց բարձրաստիճան ոստիկաններից մեկը:
Թումանյան փողոցի մի մայթին ոստիկաններն էին, մյուսին հանրահավաքի մասնակիցներ, որ տեսնելով ոստիկանների առատությունը, բնազդաբար մղվել էին դեպի Թումանյան փողոցի կողմը: Թվացյալ լարվածությունը պահպանվեց մոտ 30 րոպե, իսկ Արամ Սարգսյանը հարթակից կոչ արեց հանրահավաքի մասնակիցներին չտրվել պրովոկացիաների: Ժամը 20-ի դրությամբ Հյուսիսային պողոտան էլ էր ազատ, ոստիկաններն էլ զգալիորեն պակասել էին:

No comments:

Արխիվ