6.1.08

Հայտնաբերվել է նոր արձանագրություն Հուլաղու Խանի և նրա հետնորդների մասին

Շանիդարի քարանձավներ, Իրաք.

Զարգոզ լեռներում, Հյուսիսային Իրաքում գտնվող Շանիդարի քարանձավներում հայտնաբերվել է հնագույն ու բացառիկ մոնղոլական մի արձանագրություն, որը հնեաբանների շրջանակներում գլուխկոտրուկի տեղիք է տվել: Արձանագրությունը վերաբերում է Հուլաղու Խանին և նրա հետնորդներին:

Ըստ հայտնի մոնղոլագետ Խուլիո Վան Նոստրանի, որը ղեկավարում է այս հայտնագործությունը ուսումնասիրող խումբը, սա մի բացառիկ հայտնագործություն է: Այն լույս է սփռում մի շարք հարցերի վրա, որոնք տարիներ շարունակ մոնղոլագետների շրջանակներում հանդիսացել են սկզբունքային բանավեճերի առարկա: Մեր հետ զրույցում պարոն Վան Նոստրանը հայտնեց, որ դեռևս շատ հարցեր կան, որ կարիք ունեն մանրակրկիտ ուսումնասիրության.

«Սա մի հսկայական հայտնագործություն է, որ փոխում է մեր պատկերացումները մոնղոլական Իլ Խանության և մասնավորաբար՝ Հուլաղու խանի տոհմի մասին. նախկինում մեզ հայտնի էր, որ Հուլաղու խանի հիմնադրած Իլ Խանությունը, որ ներկայացնում էր Մոնղոլական խանության արևմտյան շրջանները, իր անկումը ունեցավ 1335 թվականին, բայց այս արձանագրությունը ապացույց է այն բանի, որ գոյություն է ունեցել նաև Հուլաղու Խանի մի շառավիղ, որը շարունակել է իր գոյությունը շատ երկար տարիներ: Մենք այս պահին փորձում ենք հայտնաբերել մանրամասները, բայց մի բանում արդեն իսկ վստահ ենք՝ դրանք տանում են դեպի այսօրվա Լեռնային Ղարաբաղ և Հայաստան»:

Ցավոք դոկտոր Վան Նոստրանը չցանկացավ մանրամասնել: Համենայն դեպս մենք հեռախոսազրույց ունեցանք Մոնղոլիայի Տոհմագիտական Ազգայնական կազմակերպության նախագահ Կարագոր Բամակի հետ: Նա ամբողջովին տեղյակ էր այս նոր հայտանգործությանը և զրուցեց մեր հետ: Ահավասիք, մի քանի հատված մեր զրույցից. « ... Այո, տեղյակ ենք և արդեն աշխատում ենք Վան Նոստրանի հետ: Արդեն ունենք որոշ տեղեկություններ Հայաստանից: Սա հրաշալի է՝ ուղղակի հրաշք: Արդեն գիտենք Հայաստանում գտնվող Հուլաղու Խանի տոհմի շառավիղներին և անհամբեր սպասում ենք նրանց վերադարձին դեպի հայրենիք: Վստահ ենք, որ դա կլինի ամենաուշը փետրվար 19-ին»: Մեր այն մտահոգությանը, թե ամեն մի արկածախնդիր կարող է ներկայանալ որպես շառավիղ, Կարագոր Բամակը պատասխանեց. «Այո հասկանալի է, բայց մենք դա արդեն նկատի ենք ունեցել և վստահ ենք, որ հայտնաբերել ենք իսկական շառավիղներին: Վստահ ենք, քանի որ նրանք իրենց ամենօրյա կյանքում ապրում և գործում են ճիշտ այնպես ինչպես իրենց ազնվազարմ նախահայրերը: Դա իրենց արյան մեջ է: Ուրիշ ի՛նչ ապացույց է հարկավոր: Սա հրաշալի է՝ ուղղակի հրաշք»: Կարագոր Բամակը հրաժարվեց նշել անուններ, քանի որ, իր խոսքերով, սա մի հրաշալի անակնկալ է լինելու մոնղոլ ժողովրդի համար:

Մեր լրագրողների կողմից Հայաստանի փողոցներում անց կացված հարցումներում հարցվածների ստվար մասը տեղյակ չէր այս պատմագրական հայտնագործության մասին, բայց չդժվարացավ գտնել կապերը այսօրվա Հայաստանի և մոնղոլական խանության միջև:

3 comments:

Քաղաքացի said...

Բավական հետաքրքիր հայտնագործություն է: Փաստորեն մենք ձեռքի հետ էլ պայքարում ենք մոնղոլ ժողովրդի համար :)

Anonymous said...

սա կատակ է, թե լուրջ հայտնագործություն?

Haik said...

Շուտով շատ ու շատ այլ հայտնագործություններ կբացահայտենք և կտեղադրենք այստեղ :)

Արխիվ