18.12.08

Shared (from GoogleReader)


26.10.08

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԲԼՈԳԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է: ԹԱՐՄԱՑՐԵՔ ՁԵՐ RSS feed-Ը:

Այս բլոգը տեղափոխվել է նոր, կատարելագործված և անկախ տարածք: Բլոգի դոմեյնի անվանումը չի փոխվել: Խնդրում ենք փոխել Ձեր RSS feed-ը http://www.blog.payqar.org/?feed=rss2 :


On the occasion of the 1,000,000 pageviews success, we have moved to worpress and now it is going to be on a whole new level , with a lot more steam... so update your RSS feeds... and come to our now blog (domain name has not been changed)
http://www.blog.payqar.org/?feed=rss2

Thank you

www.payqar.org
www.blog.payqar.org

24.10.08

Ավելի քան 1.000.000 կարդացված էջ

Քիչ առաջ ստուգեցի Մարտի 3-ից այս կողմ Պայքար ընդհատակյա թերթի դիտված էջերի քանակը: Այն անցնում է մեկ միլիոնը, ավելի ճշգրիտ եղել է 1,063,131 էջի դիտում:

Այս նույն ժամանակահատվածում կայք է այցելել
61,994 անհատ այցելու: Իսկ այցերի քանակը եղել է 342,295 :

Այսինքն, այս ամենը ի մի բերելով, ունեցել ենք մի բազմահազարանոց հանրահավաք: Եվ Ինչպես Նիկոլն է ասում իր այսօրվա ելույթում՝ հենց հիմա «տեղի (է) ունենում մեր հերթական հանրահավաքը»:

«
Գլուխներդ բարձր, դուխներդ տեղը. պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք: Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է:
»

Հ.Գ. Այս կայքը ծնվեց 2007թ. սեպտեմբեր 21-ին, Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից անմիջապես հետո: Այս կայքը կգործի նույնիսկ ավազակապետության անկումից հետո: Երկրագնդի վրա միշտ էլ կգտնվի ազատության և արդարության համար պայքարելու պահանջ:

17.10.08

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ



ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԻ ՀԵՏ



MP3 (2.53MB)


15.10.08





10.10.08

ԵՐԿՐԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ

...

- Մարդիկ, մենք ապրում ենք անարդարության, ստի, կեղծիքի, ամենաթողության ու ապօրինության պայմաններում: Ես այստեղ եմ` ահազանգելու համար. դուք կարող եք լինել անարդարության, ստի, կեղծիքի, ամենաթողության, ապօրինության հաջորդ զոհը: Որքան մեծանում է ամենաթողությունը, այնքան շատ զոհ է այն պահանջում, որքան անարգել է այն գործում, ավելի է մեծանում, որքան ավելի է մեծանում, ավելի շատ զոհ է պահանջում: Դուք կարող եք լինել հաջորդ զոհը. մի համակերպվեք ամենաթողության, ստի, կեղծիքի, անարդարության, ապօրինության հետ, որովհետեւ այն վաղ թե ուշ խժռելու է նաեւ ձեզ, անձամբ ձեզ ու ձեր զավակներին:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
Ամբողջությամբ կարդացեք ՊԱՅՔԱ՛Ր ընդհատակյա թերթում:

1.10.08

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

Անկեղծ ասած, շատ զարմացա` լսելով Հայ ազգային կոնգրեսի կողմից հնչեցված մի հայտարարություն, թե միջազգային հանրությունը Սերժ Սարգսյանին քարտ բլանշ է տվել` Հայաստանում ռեպրեսիաներ իրականացնելու, ընդդիմությանը սադրանքների մեջ ներքաշելու, պատժիչ գործողություններ իրականացնելու համար: Ու չնայած գիտեմ, որ ասածս տարօրինակ է հնչելու, բայց վերը նշված հայտարարությունը մի տեսակ չի տեղավորվում ընթացիկ շրջանի մեր անելիքների համատեքստում` այն պարզ պատճառով, որ ասվածի մեջ ոչ մի նորություն չկա:
Այդ նույն միջազգային հանրության պահվածքը, համենայնդեպս` վերջին տարիների ընթացքում, ոչ մի փոփոխություն չի կրել: Միջազգային հանրությանը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ձեռնտու է Հայաստանում ունենալ այնպիսի իշխանություն, որի մասին ցանկացած միջին կարգի եվրոպական պետության հատուկ ծառայություններ ունեն տոննաներով կոմպրոմատներ: Միջազգային հանրությունը միշտ ցանկացել եւ ցանկանալու է Հայաստանում ունենալ հեշտ կառավարելի եւ խամաճիկային իշխանություն: Իսկ Սերժ Սարգսյանը գտածո է այդ նույն միջազգային հանրության համար: Եւ մեր շարժման ամբողջ իմաստն էլ հենց այն է, որ Հայաստանը ունենա ոչ թե միջազգային, այլ Հայաստանի հանրությանը ձեռնտու իշխանություններ: Մեր շարժումը ձեւավորվել ու հզորացել է ոչ թե միջազգային հանրության օգնությամբ, այլ ի հեճուկս նրա: Իսկ ընդհանրապես, ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ միջազգային հանրությունը մեր շարժման վրա: Բացառապես հոգեբանական, համոզված եմ` միմիայն հոգեբանական: Միջազգային հանրությունը մեր շարժման վրա կարող է ազդել այնքանով, որ մենք մտածենք, թե, ասենք, Համմարբերգը ազնիվ մարդ է, բայց արդյունքում պարզվի, որ սա էլ է պուտանկա, ու մենք տխրենք այս անակնկալ բացահայտումից: Ինչ վերաբերում է միջազգային հանրության կողմից Սերժ Սարգսյանին տված կամ չտված քարտ բլանշներին, անկեղծ ասած, սա ինձ նույնքան քիչ է հուզում, որքան այն հարցը, թե արդյոք Յուպիտեր մոլորակի վրա այս պահին հրաբուխ ժայթքեց, թե` ոչ: Ինչպես Յուպիտերի վրա տեղի ունեցած հրաբուխը չի կարող փոխել մեր անելիքը, այնպես էլ միջազգային հանրության վաշխառուական խաղերը չպիտի ազդեն այդ անելիքի վրա: Իսկ մեր անելիքը մեկն է` մեկ միլիոն մարդ Ազատության հրապարակում, 24 ժամ իշխանություններին հեռանալու համար: Որ Հայ ազգային կոնգրեսը ունի այս վիճակը ստեղծելու ռեալ եւ անմիջական հնարավորություն, չեմ կասկածում ոչ մի վայրկյան: Սրա համար անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել ոչ թե միջազգային, այս սեփական հանրության հետ աշխատանքին: Իսկ հանրությունն ընդամենը մի ուղերձ է սպասում Հայ ազգային կոնգրեսից. Ազատության ժամը եկել է, հավաքվեք Ազատության հրապարակում: Գիտեմ, իհարկե, որ Ազատության հրապարակը ցանկապատված է, եւ այնտեղ շինարարություն է ընթանում: Բայց ցանկացած տեղ, ուր մենք կհավաքվենք` Ազատության հարցը լուծելու համար, ահա այդ տեղը կկոչվի Ազատության հրապարակ: Այդ թվում եւ Ազատության հրապարակը: Պայքար, պայքար մինչեւ վերջ. հի-մա, հի-մա, հի-մա:

29.9.08

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կենտրոն համայնքում թաղապետական ընտրությունները նույնպես անցան գործող ավազակապետությանը հատուկ ահաբեկչական մթնոլորտում։ Գիտակցելով Կենտրոնում պարտվելու քաղաքական հետեւանքները, վարչախումբը ոչ միայն գործի դրեց ընտրախախտումների իր ողջ զինանոցը, այլեւ այն հարստացրեց նոր միջոցներով։ Մինչեւ վերջ օգտագործվեց քրեական տարրը եւ կիրառվեցին քրեորեն հետապնդելի բազմաթիվ միջոցներ։

Քվեարկության մեկնարկից քիչ անց արդեն զինված խմբեր մուտք գործեցին մի քանի ընտրատեղամասեր (Նորագյուղ և Կիլիկիա թաղամասում) եւ, ոստիկանների հանցավոր աջակցությամբ կամ անտարբերությամբ, ծեծով ու սպառնալիքներով քվեարկության սենյակներից դուրս հանեցին Արարատ Զուրաբյանի վստահված անձանց, ընտրական հանձնաժողովների «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված անդամներին, ինչպես նաեւ դիտորդների ու լրագրողների։ Օրվա ընթացքում բազմաթիվ ընտրական տեղամասերում ու նրանց շուրջ վխտում էին այսօրինակ զինված ավազակախմբեր։ Ահաբեկչության այս պայմաններում բնակչության զգալի մասը պարզապես ձեռնպահ մնաց ընտրատեղամասեր գնալուց։ Ընդ որում՝ ոստիկանությունը ոչ միայն որեւէ քայլի չդիմեց օրինախախտներին կարգի հրավիրելու համար, այլեւ ամենուր իր պաշտպանության տակ առավ նրանց ապօրինի գործողությունները։ Մինչդեռ մյուս կողմից, հօգուտ թաղապետի իշխանական թեկնածուի գործի դրվեցին ինչպես բազմիցս կիրառված, այնպես էլ նոր մշակված խախտումների ողջ զինանոցը։

Տարբեր տեղամասերում կատարվել են հետեւյալ օրինախախտումները.
- կատարվել են բաց, հանձնաժողովների անդամների կողմից վերահսկվող քվեարկություններ, դրանց դեմ բողոքող վստահված անձինք ոստիկանների օգնությամբ դուրս են հանվել տեղամասերից.
- կեղծվել են ըստ սահմանված ժամերի հաղորդվող մասնակիցների թվաքանակի մասին տեղեկությունները.
- ընտրական տեղամասի շրջակայքում կատարվել է ընտրակաշառքի բաց բաժանում.
- քվեարկել են Կենտրոնի բնակիչ չհամարվող անձանց շրջիկ խմբեր.
- հանձնաժողովների անդամների կողմից արհեստականորեն անվավեր են դարձվել Արարատ Զուրաբյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ.
- կատարվել են կրկնակի եւ ուրիշի անձնագրով քվեարկություններ.
- իշխանական թեկնածուի մարդկանց տրվել են Ա. Զուրաբյանի վստահված անձի կեղծ վկայականներ.
- կատարվել են լցոնումներ, ընդ որում՝ որոշ տեղերում ցուցադրաբար ու անթաքույց.
- դրսում մարդկանց բաժանվել են ընտրածրարներ, ընտրողների հետ քվեխցիկ են մտել կողմնակի մարդիկ՝ վերահսկելու ու պարտադրելու նրանց քվեարկությունը.
- խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը.
- զանգվածային քվեարկություններ են կատարվել ցուցակներում գրանցված բազմաթիվ բացակա քաղաքացիների փոխարեն.
- քվեարկության ավարտից հետո ձայները հաշվելու ժամանակ տեղամասերից բռնությամբ հեռացվել են Ա. Զուրաբյանի վստահված անձինք.
- քվեարկության վերջում անհայտացել են ստորագրված ընտրացուցակները.

Կենտրոնի ընտրություններում բացահայտվել են նաեւ իրենց ցինիզմով աննախադեպ խախտումներ.
- վստահված անձանց եւ հանձնաժողովների ոչ իշխանական անդամներին ահաբեկելու, նրանց տեղամասերից հեռացնելու կամ մեկուսացնելու համար օգտագործվել են 30-50 մարդուց բաղկացած զինված ավազակախմբեր.
- նույն զինված ավազակախմբերը առեւանգել են քվեատուփը, հափշտակել քվեաթերթիկներ ու ցուցադրաբար լցոնումներ կատարել իշխանական թեկնածուի օգտին.
- ոստիկանությունը ամենուր պաշտպանել է ընտրախախտներին, իսկ տեղամասերից մեկում (նախկին Ձերժինսկու անվան դպրոց) Ա. Զուրաբյանի վստահված անձանց ու դիտորդների ծեծը, մեկուսացումը եւ քվատուփի լցոնումը տեղի է ունեցել Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի ու նրան ուղեկցող հատուկջոկատայինների օգնությամբ.
- ընտրատեղամասերից մեկն են ներխուժել երեք տասնյակ մարդիկ ու ապօրինի քվեարկություն կատարել՝ յուրաքանչյուրը մի քանի անգամ, իսկ հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ինքը անզոր է նրանց դեմ.
- մի այլ տեղամասում (Կիլիկիա թաղամաս) հարձակում է իրականացվել ԿԸՀ անդամ, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանի վրա, ապա նրա ներկայությամբ կատարվել լցոնում, իսկ ԿԸՀ նախագահը հեռախոսով նրան սպառնացել է՝ չխանգարել հանձնաժողովի «աշխատանքը»։

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակը Կենտրոն համայնքի թաղապետի այս հերթական խայտառակ ընտրության առիթով հայտարարում է.
Մենք սին հույսեր չունենք, թե հանցավոր վարչախումբը կփորձի որեւէ բնագավառում օրինականություն հաստատել, քանզի այն օրենքի դաշտում պարզապես կկազմալուծվի, կոչնչանա։ Մենք շարունակելու ենք մասնակցել այսօրինակ գործընթացներին՝ հանրության ավելի ու ավելի լայն շրջանակներին ինչպես նաև միջազգային հանրությանը ցուցադրելու համար այս ավազակախմբի «խոստումների» սնանկությունը: Հակառակ դեպքում ապօրինությունները կարճ ժամանակում բոլորի համար կդառնան կյանքի սովորական նորմ, իսկ դրանց հետ համակերպվելը՝ տարածված վարքագիծ։ Իրականում վարչախմբի ամեն մի այսօրինակ «հաղթանակը» նրա խայտառակ պարտությունն է, դրանք գումարվելով մոտեցնում են նրա վախճանը։ Համաժողովրդական պայքարը բերելու է ազատության, ժողովրդավարության ու օրինականության փառահեղ ու վերջնական հաղթանակի։

Մասնակցեք այդ պայքարին, մասնակցեք Համաժողովրդական շարժման - Հայ Ազգային Կոնգրեսի` հոկտեմբերի 17-ի առաջիկա հանրահավաքին, եւ դուք կհամոզվեք դրանում։

27.9.08

Հանրահավաք 26.09.08



Արխիվ